Նիկոլականները մեզ երեսով են տալիս․ «Բայց չէ՞ որ փողոցում Փաշինյանին քննադատող քաղաքացիներն այլևս ծեծի չեն ենթարկվում»։ Այսինքն, մարդկանց վրա գոռալ, երեխայի ներկայությամբ վիրավորել, «փախած» անվանել, ստել, մանիպուլացնել, մուննաթ գալ, անշնորհակալ անվանել կարելի է, բայց փոխարենը մեզ ծեծի չեն ենթարկում։
Վստահաբար այդ մարդիկ նկատի ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը։ Մասնավորապես՝ Պողոս Պողոսյանի սպանությունը։ Մանիպուլյացիայի վարպետ նիկոլականները, բնականաբար, քաղաքացիներից թաքցնում են մի փոքրիկ նյուանս՝ վերջին տասնամյակներին տեղի ունեցած տեխնոլոգիական հեղափոխությունը։ Կներեք, եթե կոռեկտ չեմ, բայց եթե 2000-ականներին համատարած ինտերնետ լիներ, այֆոններով լրագրողներն էլ ամենուր զվռնեին, ապա Պողոս Պողոսյանը հիմա ողջ կլիներ։
Քաղաքացիներին այդքան ակնհայտ ու բռի ձևով այլևս չէին հալածում նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ առաջին հերթին՝ հենց այդ նույն պատճառով։ Այսինքն, արցախցի աղջիկը, արտաշատցի խանութպանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ այսօր ողջ ու առողջ են, քանի որ աշխարհը այլ է։ Վստահաբար՝ Փաշինյանն ու ՔՊ-ականները նրանց հետ հաշվերհարդար կտեսնեին, եթե դրա հնարավորությունը լիներ։ Բայց չկա։ 21-րդ դարի 20-ականներին այլևս հնարավոր չէ բռնության գործիքների այդօրինակ ակնհայտ կիրառությունը։
Ի դեպ, այնպես էլ չէ, որ Փաշինյանի ռեժիմը անմասն է բռնությունից։ Բոլորովին վերջերս հրապարակային խոսքի համար բռնության էր ենթարկվել նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ Հիշենք պատգամավոր Հակոբ Ասլանյանի և երիտասարդ տղայի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպը, երբ վերջինս առևանգվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, բռնության ու կտտանքների ենթարկվել։ Ո՞ր մեկը հիշենք, ո՞ր մեկը ասենք։
Երեսով են տալիս, որ մեզ փողոցներում չեն ծեծում, բայց հանրային տիրույթը փոխակերպել են գոմի, որտեղ հայհոյում են, վիրավորում, թիրախավորում Ամենայն հայոց կաթողիկոսին և այլն։ Հայաստանի պատմության ընթացքում հասարակական հարաբերությունները երբեք այսքան այլասերված չեն եղել, ինչքան՝ հիմա։
Ժողովրդավարությունը նրա մասին չի, թե ինչ ես անում կամ չես անում։ Ժողովրդավարությունն առաջին հերթին նրա մասին է, թե ինչ կարող ես և չես կարող անել։ Խոսքը փոխզսպման և հավասարակշռման, կանխարգելող և արգելակող ինստիտուտների մասին է։ Այսինքն, երբ քաղաքացիներին չծեծելը թանկով փորձում եք մեզ վրա վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում, ի՞նչ նկատի ունեք։ Կարող եք և չե՞ք անում։ Ժողովրդավարական հասարակարգում նույնիսկ այդպիսի կարողության չնչին գիտակցումը պետք է բացառվի։ Չինովնիկի մտքի ծայրով նույնիսկ այդպիսի բան չպետք է անցնի։ Իսկ դուք մարդկանց երեսով եք տալիս, որ Պողոս Պողոսյանի օրը չեք գցում։
Հանգիստ եղեք։ Մենք չենք կասկածում ձեր այլասերվածության վրա։ Տեղը գա, պահը հարմար լինի՝ էդ էլ կանեք։ Հանուն իշխանության մարդ էլ կսպանեք։
Արտաշատցի խանութպանը պետք է հանուն ինտերնետի մի փոքրիկ մոմ վառի․․․
Կարպիս Փաշոյան